Մասիսի Սուրբ Թադեոս Եկեղեցի

2021-05-27 08:54:59 664 դիտում

Պատմություն Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1991 թվականին։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2005 թվականին՝ բարերար Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ 2015 թվականին Եկեղեցու կառուցումն ավարտին են հասցրել նրա որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները։ Սուրբ Թադեոս եկեղեցին օծվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ՝ 2015 թվականի հոկտեմբերի 4-ին, ում օրհնությամբ նորակառույց եկեղեցին կոչվել է Սուրբ Թադեոս առաքյալի անունով։ Անմիջապես եկեղեցու մուտքի առջև տեղակայված է մոմավառության ընդարձակ սրահը:Եկեղեցու բակում տեղադրված է Հրանտ Վարդանյանի հիշատակի աղբյուրը: 2016 թվականի ապրիլի 24-ին եկեղեցու բակում բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տեղադրվել է խաչքար՝ նվիրված Մեծ եղեռնի սրբադասված 1, 5 միլիոն նահատակների հիշատակին։ Խաչքարը կերտված է մեկ ամբողջական քարից (քանդակագործ՝ Արտակ Համբարձումյան): Ճարտարապետություն Սուրբ Թադեոս եկեղեցու ճարտարապետներն են Արթուր և Անահիտ Թարխանյանները։ Այն հայկական եկեղեցաշինության ավանդույթների ու ժամանակակից ճարտարապետական և շինարարական լուծումների համադրություն է։ Եկեղեցին եռաստիճան է, տարբերվում է իր կոմպոզիցիայով և ծավալատարածական լուծումներով։ Ներքին տարածքը ձևավորված է երկու խաչվող քառակուսիներով, որոնք խորհրդանշում են հավերժությունն ու հավատի մաքրությունը, և որոնց միջոցով ձևավորվում է ամբողջ կոնստրուկտիվ համակարգը։ Գմբեթը հենված է կիսախաչվող կամարների վրա։ Եկեղեցին դրսից և ներսից երեսպատված է յուրահատուկ ոճով։ Կենտրոնից դեպի եզրերը գույները դառնում են ավելի բաց, իսկ հիմքից դեպի գմբեթը՝ ավելի մուգ:

40.0622

44.4421