Մասիսի քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյանի ուղերձը 44-օրյա պատերազմի տարելիցի առթիվ

2021-09-27 04:37:47 588 դիտում
Հավերժ փառք ու խոնարհում զոհված հերոսների հիշատակի առջև

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցն է։ Պատերազմ, որն անավարտ թողեց բյուրավոր նպատակներ, որը խլեց ու խեղեց հազարավոր հայորդիների կյանքեր ու ճակատագրեր, որը որդեկորույս ու այրի դարձրեց տասնյակ հարյուրավոր մայրերի ու կանանց, անհայր մնացին մեծաթիվ զավակներ, որոնցից շատերն էլ դեռ սպասում են իրենց հայրիկի վերադարձին։ Պատերազմ, որի արդյունքում կորցրեցինք հարյուրավոր շեներ ու քաղաքներ, վանքեր ու եկեղեցիներ։ Այս պատերազմը հայ ժողովրդից խլեց կարևորագույն մի բան ևս. սասանեց հավատը ապագայի նկատմամբ։ Անցել է մեկ տարի, թարմ են դեռ պատերազմի վերքերը, անհայտ են հարյուրավոր հայորդիների ճակատագրեր... Այսօր էլ մեր երկիրն ու Արցախը կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք կարող ենք հաղթահարել մեր ուժեղ կամքի, միասնականության շնորհիվ, ապացուցելով հակառակորդին ու աշխարհին, որ հայի ոգին անպարտելի է։ Մենք պետք է հիշենք նաև, որ պարտք ենք հազարավոր նահատակ-հերոսներին. մենք պետք է սրբությամբ պահպանենք մեր հողը, հանուն որի նրանք անմահացան։ Հավերժ փառք ու խոնարհում զոհված հերոսների հիշատակի առջև։ Տոկունություն բոլոր նրանց, որոնց զավակների ճակատագիրը դեռևս անհայտ է։ Ուժ ու կորով հանուն հայրենիքի պայքարած ու վիրավորված հայորդիներին։ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ...