Ահա ևս մեկ տարի պատմություն դարձավ. Աստծո կամոք և օրհնությամբ մաղթենք, որ 2019 թվականը դառնա մեր ժողովրդի համար բարեկեցության, խաղաղության և առաջընթացի տարի:
Թող բոլորիս հոգիներում շատանա առ Աստված սերը և հավատի լույսը ողողի ու լուսավորի մեր կյանքի բոլոր օրերը: Խոնարհաբար աղոթում եմ` նեղության, դժվարության և փորձության մեջ գտնվող մեր բոլոր հայորդիների համար և հորդորում, որ մեր շրթներից երբեք չպակասի աղոթքը, չնվազի հավատը մեր սրտերից, քանզի ամեն տեսակ դժվարություն ժամանակի մեջ հաղթահարելի է՝ հատկապես, երբ մեր կյանքն իմաստավորում ենք լավատեսությամբ, հավատի և սիրո պայծառ զգացումներով: Նոր տարվա շեմին յուրաքանչյուր մարդ առավելաբար պետք է գիտակցի, որ Տիրոջ հորդորով պարտավորությունն ունի բոլորի նկատմամբ լինել ավելի ուշադիր, հանդուրժող և աջակից ու երբեք չմոռանա, որ մեր կյանքը ժամանակի հավիտենության մեջ ընդամենը ակնթարթ է: Սիրե՛նք ու հարգե՛նք միմյանց այնպես, ինչպես Աստված է սիրում ամենքիս: Սիրելիներ. Սուրբ Ծննդյան հոգենորոգ տոնը յուրաքանչյուրիդ համար թող դառնա նոր կյանքի՝ մաքրության, պատվիրանապահության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության, ազգային և հոգևոր բարձր արժեքների առավել արժևորման, պահպանման և ամենակարևորը կիրառման լուսավոր սկզբնաաղբյուրը: Թո՛ղ Բարձրյալն Աստված հավետ օրհնի և Իր Զորավոր Աջի ներքո պահի, պահպանի մեր երկիրն ու մեր ժողովրդին: Ամեն. Տեր Արարատ Օրդոյան Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|