Դանակահարությունը տեղի է ունեցել այս տարվա լույս հունվարի 21-ի գիշերը` ժամը 04:20-ի սահմաններում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մասիսի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «ձախ աճուկային ծակած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի աղջիկ: Պարզվել էր, որ նրան դանակահարողը եւս իգական սեռի է` 21 տարեկան, Երեւանի բնակչուհի:
Աղջիկները վիճել էին տուժողի տան մոտ` Մասիս քաղաքի Հերացու փողոցի 17 շենքի հարևանությամբ գտնվող սննդամթերքի խանութի մոտակայքում. նախկինում ունեցել էին կենցաղային հարցերի շուրջ տարաձայնություններ ու պարզաբանելու անհրաժեշտություն էր առաջացել: Հենց այդ ժամանակ էլ Երեւանի բնակչուհին դանակով մեկ անգամ հարվածել է Մասիսի բնակչուհու ձախ աճուկային շրջանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր մարմնական վնասվածք, կյանքին վտանգ սպառնացող՝ որովայնի առաջային մակերեսի ծակած-կտրած որովայնի խոռոչ թափանցող վերքի՝ ստամոքսի վնասման ձևով: Նրան մեղադրանքն էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Աղջիկն ընդունել էր առաջադրված մեղադրանքը ու դատարանին խնդրել քննության արագացված կարգ կիրառել, ինչին դատախազը չի առարկել: Տուժողը եւս չի առարկել, սակայն նշել է, որ ցանկանում է ամբաստանյալը պատասխանատվության ենթարկվի: Դատարանը, հիմնավորված համարելով առաջադրված մեղադրանքը, երիտասարդ աղջկան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ ազատազրկման ձևով`3 տարի ժամկետով: Նախնական քննության փուլում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, դատարանը վճռել է վերացնել՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից: Դատավճիռը հրապարակվել է ապրիլի 10-ին, որը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում: Աղբյուր` Փաստինֆո Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|