Դավիթ Համբարձումյանի ուղերձը հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ

2023-04-24 09:06:15 383 դիտում

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասված է. <<Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ հայ ժողովուրդ, Այսօր ազգովի հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Այսօր աշխարհասփյուռ հայությունն իր խոնարհումն է բերում բյուրավոր անմեղ նահատակների հիշատակի առջև, ովքեր զոհ գնացին օսմանյան իշխանությունների ցեղասպան ու ազգաջնջման ծրագրին: Պատմական հայրենիքի մեծ մասը կորցրած հայը սակայն չկորցրեց հավատը, որն ապրելու և հարատևելու ուժ տվեց: Հայն ապրեց նաև հանուն գալիքի ու արդարության վերականգնման: Մարդկության դեմ գործած այս զարհուրելի հանցագործության ճանաչման և միջազգային դատապարտման համար մեր պայքարն այսօր առավել քան կարևոր ու արդիական է, քանզի 108 տարի անց էլ թշնամին չի փոխվել, նույնն է ձեռագիրը ու ցեղասպան քաղաքականությունը: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացները, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը փաստում են, որ վերացված չեն հայ ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի սպառնալիքները։ Գլուխ խոնարհելով ցեղասպանության անմեղ զոհերի, ինչպես նաև Արցախյան պատերազմներում անմահացած զավակների հիշատակի առջև՝ հաստատում ենք, որ շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի հաղթանակի արդարությունը, և նման ոճիրներ այլևս չիրականացվեն ոչ մի ժողովրդի հանդեպ: Վստահ եմ, որ միասնական պայքարով հասնելու ենք պատմական արդարության և կերտելու ենք մեր պետության ու ժողովրդի արժանավայել ապագան: ՀԻՇՈՒՄ ՈՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ: ՀԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԵՂԻՑԻ:>>