Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

2023-04-19 15:27:36 471 դիտում

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճայինների 61 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Արսեն Հարությունյանը՝ եզրափակչում պարտության մատնելով Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովին։ 23-ամյա հայ ըմբիշն իր պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7։0 հաշվով պարտության էր մատնել թուրք Էմրահ Օրմանօղլուին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արսեն Հարությունյանը մրցեց Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Արման Էլոյանի հետ և հաղթեց 10։0 հաշվով։ Եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակիցը 57 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Զելիմխան Աբակարովն էր, որն այս առաջնությունում հանդես եկավ 61 կգ քաշում։ Հայ ըմբիշը Աբակարովի նկատմամբ առավելության հասավ 5։2 հաշվով և իր կարիերայում երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնություններում ոսկե մեդալ էր նվաճել նաև 2019 և 2022 թվականներին։