ԳԻՏԱԿՑՎԱԾ ՄԱՀԸ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ՀԵՐՈՍ

2023-03-16 08:31:27 718 դիտում

Անմահ Հերոս Աշոտ Միհրանի Խոմով-Սարգսյանի ծննդյան օրն էր։ Նա կդառնար 22 տարեկան, բայց ավաղ...Աշոտը հասցրեց ապրել ընդամենը 19 տարի։ Տարիներ, որոնք ամփոփ ներկայացվեցին Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կազմակերպված հուշ-երեկոյի ընթացքում:

Ներկաներն ակնդիրն ու ունկնդիրը դարձան Հերոսի ապրած կարճատև, բայց բովանդակալից կյանքի պատմության...

Ծնողական սիրուց ու գուրգուրանքից զրկված Աշոտին պահել ու մեծացրել է հորաքույրը՝ տալով նրան սեր ու ջերմություն, չտարբերակելով հարազատ որդիներից։

Ու Աշոտի ապրած տարիների, անցած ճանապարհի, մարտական սխրանքների մասին պատմող դրվագները հաջորդում էին իրար՝ արցունք քամելով ներկաների աչքերից...Աշոտ Խոմովը գնաց գիտակցված մահվան՝ փրկելով հարյուրավոր զինակիցների կյանքեր։

Աշոտն անմահացավ հանուն հարազատների, ընկերների, հանուն հայրենի հողի:

Հերոսի հիշատակը միշտ վառ է Մասիս համայնքում, հարազատ Սայաթ-Նովա գյուղում, ինչպես նաև հայրական բնակավայրում՝ Գառնիում:

Շնորհավորելով Հերոսի երկնային ծնունդը՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն էլ իր երախտիքի խոսքը հղեց Աշոտին ծնողական սեր տված տիկին Լուսինեին և որդեկորույս բոլոր ծնողներին։ Դ. Համբարձումյանը նշեց, որ ոչինչ չի կարող մեղմել զավակներ կորցրած ծնողների ցավը, և, որ յուրաքանչյուրի պարտքն է՝ գտնվել որդեկորույս ծնողների կողքին և վառ պահել հանուն հայրենիքի անմահացած Հերոսների հիշատակը:

Խորհրդանշական այս օրը Հերոսին շնորհվեցին պատվոգրեր, մեդալ, որոնք նույնպես սրբորեն կպահպանի տիկին Լուսինեն:

Շնորհավոր երկնային ծնունդդ, Հերոս:

Փառք ու խոնարհում: