Հարգելի՛ հայրենակիցներ, Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, Ավարտվում է մեր երկրի ու ժողովրդի համար ցավի ու կորստի, հուսալքության ու անվստահության, տառապանքներով ու փորձություններով լի ևս մեկ տարի: Եվս մեկ տարի հայ ժողովուրդն ապրեց պատերազմի վտանգը սրտում, ապրեց՝ զգալով պարտության դառնությունը, ապրեց՝ սգալով բազմաթիվ հայորդիների մահը: Այսօր, առավել, քան երբևէ, մենք պետք է ուժեղ ու հաստատակամ լինենք: Մենք չենք կարող հաշտվել կորուստների հետ: Մենք երբեք չպետք է մոռանանք, որ պարտավոր ենք նահատակված հազարավոր հայորդիների և գալիք սերունդների առջև: Մենք պետք է հավատանք ու պայքարենք մեր երկրի վաղվա օրվա համար։ Մենք պետք է հավատանք, որ բազմաթիվ փորձություններ հաղթահարած հայ ժողովուրդը կրկին հաղթանակներ է տոնելու: Սիրելի՛ մասիսցիներ, Մեր երկրում և Արցախում ստեղծված իրավիճակը, բնականաբար, իր ազդեցությունը թողեց նաև համայնքային գործունեության վրա: Այդուհանդերձ, հաղթահարելով խոչընդոտները և չերկնչելով դժվարությունների առջև՝ 2022 թվականի ընթացքում Մասիս խոշորացված համայնքում իրականացվեցին բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են մեր համայնքի զարգացմանն ու հզորացմանը: 2023 թվականի համար նույնպես նախատեսել ենք համայնքային կարևորության մի շարք ծրագրեր, որոնց առանցքում համայնքի համար առաջնային համարվող խնդիրներն են: Սիրելի՛ հայրենակիցներ, Ամանորի նախաշեմին առաձնահատուկ շնորհավորում եմ հայ զինվորին, ում շնորհիվ անառիկ են մեր երկրի սահմանները: Համբերություն ու տոկունություն եմ մաղթում այն ընտանիքներին, որոնց զավակներն անմահացան Արցախյան պատերազմներում: Մաղթում եմ, որ խաղաղություն ու բարեկեցություն լինի յուրաքանչյուր հայ օջախում: Թող 2023 թվականը լինի հույսի ու հավատի վերականգնման, միասնականության ու հաղթանակների տարի։ Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ։