Դանակահարություն Նոր Խարբերդում. Մասիսի ոստիկանների բացահայտումը

2022-06-22 15:19:07 1103 դիտում

Հունիսի լույս 20-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ իրենց գյուղում ընկել է: Հիվանդանոց, ապա Այնթապ մեկնած Մասիսի քրեական հետախույզները նախ պարզեցին, որ դեպքը ոչ թե Այնթապում, այլ Նոր Խարբերդում է եղել: Նոր Խարբերդում իրականացրած միջոցառումների արդյունքում ստացվեցին բացահայտման համար անհրաժեշտ տեղեկություններ, իսկ առավոտյան ժամը 8.20-ին Մասիսի բաժին բերման ենթարկվեց նույն գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ: Նա խոստովանեց, որ ժամեր առաջ Նոր Խարբերդի 21-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքն է դանակով խփել Այնթապի բնակչին: 19-ամյա երիտասարդը ներկայացվել է Մասիսի քննչական բաժին: Հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկվածը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: