Մասիսում Opel-ը կոտրել է երկաթե հենասյունը, հուշաքարն ու շրջվել, 8-ամյա տղան մահացել է, կան վիրավորներ

2022-03-24 04:09:40 2326 դիտում

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ Նիզամի-Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Բաղդասար Գ-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց ձախ, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյանը, կոտրել այն, առաջ ընթանալով բախվել հուշաքարին, կոտրել այն և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Բաղդասար Գ-ն և ուղևոր Սյուզաննա Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Աննա Գ-ն և Երևանի բնակիչ՝ 8-ամյա Ալեքս Գ-ն տեղափոխվել են «Սուրբ Աատվածամայր» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ալեքս Գ-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, քաղաքացիների օգնությամբ հատուկ տեխնիկայի միջոցով դարձի են բերել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 2016 թվականի փետրվարի 23-ին նշված վայրում տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետևանքով 3 երիտասարդներ, որոնցից մեկը զինվոր էր, մահացել էին, և կոտրված հուշաքարը նրանց հիշատակին էր տեղադրվել։ Մանրամասները սկզնաղբյուր կայքում