ՔՊ-ին քվեարկած յուրաքանչյուր մասիսցու խոնարհ ծառան եմ լինելու նաեւ․ Դավիթ Համբարձումյան

2021-12-21 18:11:15 466 դիտում

Հարցազրույց Մասիսի վերընտրված քաղաքապետ, Դավիթ Համբարձումյանի հետ, «Հրապարակ» օրաթերթ - Այս ընտրություններում, ասում են՝ հիմնականում նախկինները հաղթեցին, քանի որ շատ տեղերում, նույնիսկ եթե ՔՊ-ն էր մասնակցում, սակայն նախկինների աջակցությամբ կամ նախկինների դեմքով էր։ Դուք ի՞նչ կասեք ՏԻՄ ընտրությունների մասով։ - Նախ «նախկին» ասվածը չեմ ուզում խարանի վերածել կամ «խարան» բառն օգտագործել, որովհետեւ կարծում եմ՝ դա ճիշտ չէ։ Նախկին իշխանությունների մեջ շատ լավ աշխատող մարդիկ են եղել։ Այո, թերություններ էլ են շատ եղել, որը չպիտի բացառել, բայց լավ մարդիկ էլ են եղել, որոնք իրենց գործի գիտակն են ու աշխատել են իրենց ոլորտում, ցանկացել են մի բան փոխել մեր երկրում, դրա համար կարծում եմ՝ էդ «խարանը» պետք չի ասել։ Ես հստակ ասել եմ՝ մենք չենք քողարկել կուսակցական պատկանելությունը, ուղղակի էնպիսի հնարավորություն ստեղծեցինք, որ մարդիկ ավելի ազատ լինեն իրենց ընտրության մեջ։ Մեկը չէր ուզում կուսակցությանն ընտրել, մեկը 2018 թվականին պայքարել էր էդ կուսակցության դեմ, մի քիչ բարոյական, հոգեբանական խնդիրներ էլ կային էս պրոցեսի մեջ, դրա համար էնպես արեցինք, որ մարդիկ ազատ լինեն իրենց ընտրության մեջ։ Ոչ մի գաղտնի բան չի եղել։ - Երբ Դուք ընտրվեցիք, հիշեցնում էին, որ Ձեր եւ Ձեր եղբոր դեմ քրեական գործ էր հարուցված 2018 թվականին` փողոց փակած քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց ակցիաները ճնշելու համար։ - Տեսեք, ուրեմն ես մինչեւ վերջ սպասելու եմ դատարանի արդարադատությանը, երբ որ կոնկրետ գործի քննությունը դատարանում կավարտվի, դրանից հետո հստակ կխոսենք։ Մասիսում երբեւիցե որեւիցե մի քաղաքացու ո՛չ ուղղորդել ենք, ո՛չ էլ խանգարել ենք կամ ասել ենք՝ խի եք հանրահավաքին մասնակցում։ Մի քանի գործով գործ է հարուցված եղել, որը կարճվել է իմ մասով, մի գործ է ընդամենը դատարանում, որի մասին կխոսեմ, երբ որ դատական ակտը կլինի։ - Այդ դեպքում Ձեր կամ Ձեր եղբոր անունն ինչո՞ւ է շոշափվում քրեական գործերում։ - Մի քանի անգամ արդեն ասել եմ՝ ինչ-որ խմբերի շահեր էին հետապնդում, պատվերներ էին կատարում, հասարակությունն էլ էդ լարված վիճակում ոնց որ թե լսում էր էդ խոսակցությունները։ Սա է եղել ամբողջը։ - Դուք ինչպե՞ս եք գնահատում այն նախկին հանրապետականներին, որոնք 2018-ից հետո լքեցին ՀՀԿ-ն։ - Շատ վատ։ Չեմ ուզենա իրենց մասին կարծիք հայտնել կամ գնահատական տալ իրենց արածին, բայց կարծում եմ, որ դա լավ երեւույթ չէ։ - Մի մասը ճամբարափոխ եղավ, մի մասը թեքվեց-գնաց Քոչարյանի կողմը, մարդիկ էլ կան, որոնք վիրավորված են ՀՀԿ-ից, տեսնում էին կուսակցության սխալները ներկուսակցական մակարդակում, ու դա է եղել պատճառը, որ հեռացել են թիմից։ - Ներկուսակցական սխալների մասին եթե խոսեին 2018 թվականի դեպքերից առաջ, դա նորմալ է։ Բայց եթե էն ժամանակ իշխանության խաթր ձայն չեն հանել, հիմա խոսում են ներկուսակցական սխալների մասին, դա էլ, կարծում եմ, լուրջ չէ։ - Այս ընտրություններին Ձեր դեմ էլ ճնշումներ եղան, բավականին բարդ պրոցեսում ընտրվեցիք քաղաքապետ, հիմա հետընտրական ճնշումներ կա՞ն Ձեր նկատմամբ։ - Իմ պահով, անկեղծ կլինեմ, նման դեպքեր չկան՝ հետընտրական ճնշումներ, նման գործընթացներ․․․ - Իսկ ինչպե՞ս եք կարողանալու այս մթնոլորտում աշխատել գործադիր իշխանության հետ։ - Ես 2018-ից հետո էլ եմ աշխատել, մենք աշխատող մարդիկ ենք եւ խնդիր չունենք։ Մենք զուտ աշխատանքային հարաբերություններ ենք պահում։ Ե՛վ աշխատել ենք, ե՛ւ սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել։ - Այսինքն՝ կառավարության կողմից սուբվենցիաների, այլ ծրագրերի մասով որեւէ խնդիր չե՞ն հարուցել Ձեզ համար։ - Որեւէ խնդիր չենք ունեցել, անկեղծ եմ ասում՝ չենք ունեցել։ - Բայց իրենք շատ էին ուզում փոխել իշխանությունը Մասիսում, Ձեզնից ազատվելն իրենց համար մեծ հաղթանակ կլիներ։ Դուք կարծում եք՝ այսպես հանգիստ կհամակերպվե՞ն Ձեր հաղթանակի հետ, հատկապես, որ տեսնում ենք՝ Թալինում ինչ արեցին, Վանաձորում, Վարդենիսում ինչ են անում, մյուս տեղերում․․․ - Չեմ փորձի ժամանակից առաջ ընկնել, չգիտեմ։ Բայց ես, ամեն դեպքում, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ընտրված ղեկավարները մնան եւ աշխատեն իրենց տեղերում, եթե ժողովուրդն իրենցից գոհ է։ - Իսկ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի հետ ինչպե՞ս եք հարաբերվում, շփում ունե՞ք։ - Զուտ աշխատանքային կարգով։ - Դուք նաեւ իշխանությա՞ն թեկնածուին ձայն տվածների քաղաքապետն եք լինելու։ - Դա չի քննարկվում, այո, ՔՊ-ին քվեարկած յուրաքանչյուր մասիսցու, մեր խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակչի համար ես լինելու եմ համայնքի լավ ղեկավար, իրենց կողքը կանգնած, իրենց համար ծառայություն եմ մատուցելու։ Վստահեցնում եմ Ձեզ՝ դա չի քննարկվում։ Այո, նրանց ընտրած քաղաքացիների խոնարհ ծառան եմ լինելու նաեւ։ - Իսկ իրենք Ձեզ կընդունե՞ն որպես իրենց քաղաքապետ։ - Կարծում եմ՝ այո։ Ես էնպիսի մարդ եմ, որ նորմալ հարաբերվում եմ բոլորի հետ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթ»-ում։