Քաղաքապետի խոսքը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ հայ ժողովուրդ, Այսօր համայն հայությունը ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը։ 110 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրագործությունը խլեց 1,5մլն կյանք, տարագիր դարձրեց բյուրավոր հայերի... Հայը կորցրեց իր տունն ու հայրենի հողը, դարձավ պանդուխտ, բայց ապրեց, քանզի աննկուն է հայի ոգին, ապրեց հիշողությունները մտքում ու սրտում, ապրեց` անցյալը չմոռանալով։ Հայն ապրեց՝ պայքարելով իր հավատի, ինքնության պահպանման համար, պայքարելով այս զարհուրելի հանցագործության ճանաչման և միջազգային դատապարտման համար, որպեսզի չլինեն նոր ցեղասպանություններ։ Եվ, քանի դեռ նմանօրինակ ոճրագործությունները չեն ստացել համապատասխան իրավական, բարոյական գնահատական, դրանք կրկնվելու են` խեղելով մարդկային ու ազգերի ճակատագրեր։ 1915 թվականին իրագործված ոճրագործությունը կրկնվեց նաև 2023 թվականին, և հայաթափվեց Արցախը, որի պաշտպանության համար անմահացել են հազարավոր հայորդիներ։ Պատմությունը կրկնվեց, քանզի թշնամին նույնն է, իսկ ոմանք դասեր չեն քաղել անցյալից։ Եվ այսօր, խնկարկելով բյուր նահատակների հիշատակը, վերահաստատում ենք, որ 110 տարի անց էլ մեր պահանջը նույնն է, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն մեր ինքնության պահպանման, հանուն մեր երկրի վաղվա օրվա։ Ոճրագործության ճանաչումն ու դատապարտումը վաղեմության ժամկետ չունի։ Հիշում և պահանջում ենք...