Մասիսի շրջանը կազմավորվել է 1937 թ․ այս օրը, դեկտեմբերի 1-ին

2021-12-01 14:53:49 946 դիտում

Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Արարատի մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանին կից։ Սահմանակցում է Թուրքիային՝ արևմուտքից։ Կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 1-ին։ Տարածությունը 182,2 քառ. կմ է, բնակչությունը՝ 64,4 հազար մարդ (1987), խտությունը՝ 353 մարդ։ Մինչև 1953 թվականը կոչվում էր Զանգիբասարի շրջան, 1953-1969 թվականներին մտել է Էջմիածնի ու Արտաշատի շրջանների մեջ, վերակազմավորվել է 1969 թվականին։ Պատմություն Մասիսի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Մասիսի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառի մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։ Պարսկական տիրապետության ժամանակ Մասիսի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի, 1920-1937 թվականներին՝ Երևանի գավառի մեջ։